Հունիսի 27-ին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը հայտարարեց, որ իրենց կուսակցության պահանջը Սահմանադրական դատարանից միայն մեկն է՝ գործել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան։
«Գուցե դա տարօրինակ է հնչում, բայց մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ մենք պարզապես ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կառավարի իրավական դաշտը՝ առաջնորդվելով ՀՀ սահմանադրության սկզբունքներով, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի, իշխանության քմահաճույքով։ Դա է մեր պահանջը», — նշեց Աբովյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից ընտրությունների ժամանակ իրականացված գործողությունները, հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձայների չեղարկումը, ցույց են տալիս, որ իշխող ուժը կորցրել է իրականության հետ կապը։
«Այս գործողությունները ոչ թե անտարբերություն կամ հուսահատություն են հարուցել քաղաքացիների շրջանում, այլ զայրույթ։ Որովհետև այն, ինչ անում են իշխանությունները, ծաղր է։ Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ հիմա իրենք հակադրվում են ոչ թե որևէ կոնկրետ կուսակցության, մասնավորապես՝ մեր կուսակցությանը, այլ՝ Հայաստանի բնակչության մեծամասնությանը, որոնք իրենց ձայնը չեն տվել։ Ուզեն, թե չուզեն, կարող են ինչքան ուզեն հերքել ու ասել՝ ինչ ուզեն, կարող են գլուխները պատին խփել․ դա հենց այդպես է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նրանք չունեն, նույնիսկ, այն ձայների քանակը, որն այդքան բարձրաձայն փորձում են ներկայացնել», — եզրափակեց Աբովյանը։