Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Ադրբեջան՝ Բաքվում պահվող հայ կալանավորներին այցելելու նպատակով։
Այս նախաձեռնության շրջանակում ես բաց նամակներ եմ հղել միջազգային և պետական կառույցներին, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է այցի կազմակերպմանը և պատվիրակության անդամների անվտանգության ապահովմանը։
Նամակներն ուղղված են Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։
Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է։ Այն ենթադրում է հանդիպում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, ինչպես նաև հանդիպում Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիների հետ՝ նրանց հարազատների կողմից պատրաստված նամակների, լուսանկարների և այլ թույլատրելի անձնական իրերի փոխանցման նպատակով։
Ես կարևոր եմ համարում պաշտոնական և դիվանագիտական ճանապարհով հրապարակային արտահայտվելը, քանի որ այս նախաձեռնության հաջողությունը կախված է բոլոր փուլերի՝ մուտքի, բանտարկյալների հետ տեսակցության և պատվիրակության անդամների անվտանգ վերադարձի կանխատեսելիությունից և համակարգումից։
Այդ նպատակով ես դիմել եմ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել այցի կազմակերպմանը։ Կցանկանայի նաև դիմել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ խնդրելով եվրոպական ինստիտուտների կողմից դիվանագիտական ուշադրություն դարձնել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի տևական անազատության մեջ գտնվող մարդկանց համար։ Նրանց առողջությունը, պահման պայմանները և ընտանիքների հետ շփումները չպետք է թողնվեն դեպքի կամ պատահականության կամքին։ Դա մարդու հիմնարար իրավունքն է՝ իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատի հետ, հնարավորություն ունենալ նրան աջակցության խոսքեր հայտնել և վստահ լինել, որ նրա մասին չեն մոռացել։