Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ուկրաինայի նկատմամբ իր պատասխան գործողությունների մասին։
Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկությունների՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են համակարգված և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև համապատասխան որոշումների կայացման կենտրոններին։
Արտաքին գործերի նախարարը նաև հիշեցրել է Ռուսաստանի ԱԳՆ մայիսի 25-ի հայտարարության մասին, որով ԱՄՆ-ին և Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին հանձնարարվել էր ապահովել իրենց դիվանագիտական անձնակազմի և քաղաքացիների տարհանումը։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկով 2025 թվականի օգոստոսին Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն երկարաժամկետ կարգավորման համար, խաթարվում են եվրոպական էլիտաների և կիևյան ռեժիմի ագրեսիվ ջանքերի կողմից։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հորմուզի նեղուցում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ չնայած հայտնի տարաձայնություններին, ակտիվացնելու ջանքերը միմյանց տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների նորմալացման ուղղությամբ։