Հայաստանի կառավարությունը հաստատել է որոշում, որի համաձայն կներդրվի թանգարանների աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ։ Այս մասին տեղեկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ համապատասխան նախագիծը ներկայացնելիս։
Նոր համակարգի հիմքում դրված է թանգարանային ոլորտի մասնագետներին ատեստավորում անցնելու հնարավորություն տրամադրելը։ Այս քայլը, ըստ նախարարի, ուղղված է զգալիորեն բարձրացնելու թանգարանների աշխատողների աշխատավարձերը։
Աշխատավարձերի բարձրացումը դիտարկվում է որպես նպատակային քայլ, որը կնպաստի ոլորտի կայուն զարգացմանը։ Թանգարանային մասնագետները կատարում են բազմաթիվ բարդ և պատասխանատու գործառույթներ՝ մշակութային արժեքների պահպանմամբ մինչև ցուցահանդեսների կազմակերպում և գիտական հետազոտություններ։ Սակայն աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը բացասաբար է ազդում կադրային կազմի կայունության վրա, խոչընդոտում է երիտասարդ մասնագետների ներգրավումը և սահմանափակում է մասնագիտական աճի հնարավորությունները։
Վերջին տարիներին թանգարանների գործառույթները զգալիորեն ընդլայնվել են՝ ներառելով նաև թվային տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը և այլ որակավորում պահանջող գործունեությունները։ Այս պայմաններում աշխատավարձերի բարձրացումը դիտարկվում է որպես ռազմավարական ներդրում՝ ուղղված թանգարանային համակարգի կայունացմանը և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Նոր համակարգը նաև նպատակ ունի ապահովելու ոլորտում միասնական ընթացակարգեր և ատեստավորման արդյունքների օբյեկտիվություն։
Այս քայլը համապատասխանում է նաև տնտեսական ռազմավարությանը՝ հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի զարգացման կարևորությունը։ Կառավարությունը վերջին տարիներին ձեռնարկել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված թանգարանային ոլորտի զարգացմանը, ինչպիսիք են «Թանգարանների մասին» օրենքի ընդունումը և Թանգարանների զարգացման հիմնադրամի ստեղծումը, որի խնդիրն է մարքեթինգի իրականացումը և հուշանվերների արտադրությունը։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում հուշանվերների առաջին խմբաքանակը կներկայացվի և կվաճառվի թանգարաններում՝ ստեղծելով նոր առևտրային հարթակներ, որոնք կօգնեն ֆինանսավորել ոլորտի զարգացումը։