Լիտվայի պետական արխիվի կայքում վերականգնվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր հրապարակումները։ Այս մասին հաղորդում է orer.eu կայքը՝ հղում անելով մայիսի 8-ի տեղեկատվությանը։
Ավելի վաղ լիտվական մամուլը հայտնել էր, որ Լիտվայի կենտրոնական պետական արխիվը, Արտաքին գործերի նախարարությունից և Թուրքիայի դեսպանատնից ստանալով ոչ պաշտոնական ազդակ, հեռացրել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումները։
Ի պատասխան այդ հարցումներին, Գլխավոր արխիվարիուսի ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկենեն հաստատել էր, որ ապրիլի 28-ին այդ հարցով արտահերթ հանդիպում է կազմակերպվել Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում ահազանգեր էին հնչել, թե արխիվը փորձում է քաղաքականացնել Հայոց ցեղասպանության հարցը։
Նա ընդգծել էր, որ իր ղեկավարած ծառայությունն ու արխիվը ապաքաղաքական են։ «Ես չեմ տեսնում, որ արխիվն իր հրապարակման մեջ զբաղվի որևէ հարցի քաղաքականացմամբ։ Ռուսաստանը նույնպես չի ընդունում, որ լիտվացիներին աքսորել է Սիբիր, բայց մենք դա չենք քննարկում։ Թուրքիան նույնպես նման տեսակետ ունի (Հայոց ցեղասպանության հարցում), բայց դա նրանց տեսակետն է», – հայտարարել էր նա։
Գլխավոր արխիվարիուսը նաև նշել էր, որ Թուրքիայի դեսպանատնից ոչ մի պաշտոնական հարցում կամ բողոք չի ստացվել։ Հանդիպման ձևաչափը, նրա խոսքով, ավելի շատ փափուկ ուժի միջոցներ էր հիշեցնում։ «Ես բացարձակապես ոչ մի պաշտոնական նամակ կամ զանգ չեմ ստացել։ Պարզապես այց է եղել, ես այն կբնութագրեի որպես փափուկ ուժի գործիք, որը կոչված է բացատրելու իմ դիրքորոշումը՝ քաղաքավարի հիշեցնելով, որ մենք կարող ենք ընդհանուր եզրեր փնտրել Թուրքիայի և Լիտվայի պատմության մեջ, որոնք, անկեղծ ասած, այնքան էլ շատ չեն», – ընդգծել էր Զակշաուսկենեն։
Իր հերթին, արխիվի փաստաթղթերի տարածման բաժնի ղեկավար Ջուգինտա Աբրոմայտենեն հայտնել էր, որ իրեն այդ հարցով ոչ պաշտոնապես զանգահարել են Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Նրանք մտահոգություն էին հայտնել, թե արդյոք արխիվի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված գրառումը կարող է վնասել Լիտվայի և Թուրքիայի միջև երկարատեւ հարաբերություններին։
Այնուամենայնիվ, Լիտվայի ԱԳՆ-ն հերքել է վերոնշյալ հաստատություններին այդ հարցի վերաբերյալ առաջարկություններ տալու փաստը։ «ԱԳՆ-ն որևէ հանձնարարական չի տվել ոչ արխիվների դեպարտամենտին, ոչ գլխավոր արխիվարիուսի ծառայությանը, ոչ էլ որևէ այլ պետական հաստատության՝ այդ հարցի վերաբերյալ», – ասված է ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանում։
Հիշեցնենք, որ 2005 թվականին Լիտվայի Սեյմը ընդունել էր Օսմանյան կայսրությունում 1914-1918 թթ. հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ 2015 թվականի ապրիլի 15-ի բանաձևով։ Թուրքիան, ընդհակառակը, չի ընդունում, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանություն։