ՀՀ վարչապետի մասնակցությամբ կազմակերպված նախընտրական միջոցառման ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և անչափահասներին քարոզչությանը ներգրավելու դեպքերին առնչությամբ արձագանքներ են հրապարակել «Ականատես» դիտորդական առաքելությունը և Մարդու իրավունքների պաշտպանը։
«Ականատես»-ի տվյալներով, 2026 թվականի մայիսի 13-ին Ապարան համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում դիտորդները տեղում արձանագրել են մի շարք խիստ խախտումներ։ Ըստ հաղորդագրության՝ համայնքի և հարակից բնակավայրերի մի քանի դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները աշխատանքային ժամերին, դասերի ընթացքում, մասնակցել են քարոզչական միջոցառմանը։
Առավել մտահոգիչ է այն, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, իսկ դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ՝ անգամ արտաքին տեսքի, հագուստի և սանրվածքի վերաբերյալ։
Դիտորդները նաև ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։ Ըստ «Ականատես»-ի տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի աշակերտներին ոչ միայն ազատել են դասերից, այլև բաժանել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ։ Հավաքի կազմակերպման աշխատանքներն իրականացրել է Էդգար անունով մի անձ։
Առաքելությունը նշել է նաև մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես՝ «Գնթունիք» ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։
«Ականատես»-ը հստակորեն արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։
Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ։ Նա վերահաստատել է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված հետևանքները կիրառելու նպատակով կնախաձեռնվի առանձին քննություն։ Նախարարությունը վստահեցրել է, որ ստացված բոլոր ահազանգերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին։