Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր, և մեր երկրի առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։
Իրավիճակը ստեղծվել է միջազգային զբոսանավի վրա հիվանդությունների կլաստերի հայտնվելու կապակցությամբ։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողը ահազանգ է ստացել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավից, որի նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից։
Նավում գտնվել է 147 մարդ՝ 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ, որոնք ներկայացնում էին շուրջ 23 տարբեր ազգություններ։ Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է 7 դեպք՝ 2 լաբորատոր հաստատված հանտավիրուսային դեպք, 5 կասկածելի դեպք, 3 մահվան դեպք, 1 ծանր վիճակում գտնվող պացիենտ և 3 թեթև ախտանիշներով անձ։
Հիվանդության ախտանշաններն են ներառում տենդ, ստամոքս-աղիքային խանգարումներ, թոքաբորբի արագ զարգացում, սուր շնչառական դիսթրես համախտանիշ և շոկ։ Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումից։ Թեև հազվադեպ դեպքերում վիրուսը կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ՝ սերտ և երկարատև շփման պայմաններում։
ԱՀԿ-ն և Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։ Նավում գտնվող անձինք շարունակում են գտնվել հսկողության ներքո, և իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը նշում է, որ իրավիճակը Հայաստանում վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ ԱՀԿ-ն այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում։