Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որը երկրորդ ընթերցման է ներկայացվել ԱԺ-ի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից։
Փոփոխությունները, որոնք առաջին ընթերցմամբ արդեն հաստատվել էին խորհրդարանի կողմից, ենթարկվել են ավելի խստացման՝ կառավարության հետ խորհրդակցելուց հետո։
Իրացնելու նպատակով թմրամիջոցների շրջանառության պատիժի խստացում
Եթե հանցագործությունը կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, օրինագծի համաձայն, պատժի տևողությունը կխստանա՝ ներկայիս 3-6 տարվա ազատազրկումից մինչև 5-10 տարվա։
Ավելի խիստ պատժի ենթակա կլինեն նաև այն դեպքերը, երբ հանցագործությունը կատարվում է անչափահասի մասնակցությամբ կամ անչափահասի նկատմամբ։ Այս դեպքում առաջարկվում է սահմանել 8-15 տարվա ազատազրկման պատիժ։
Հայկ Սարգսյանը նաև առաջարկել է պատժի համանման խստացում կիրառել այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվում է անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ։
Անձնական նպատակներով թմրաբույսերի աճեցման պատասխանատվության խստացում
Անձնական նպատակներով թմրաբույսերի աճեցման համար պատասխանատվությունը նույնպես կուժեղացվի։ Միջին աշխատավարձի 10-ապատիկի չափով տուգանքի փոխարեն կկիրառվի 20-ապատիկը, իսկ ներկայիս 1 տարվա ազատազրկումը կփոխարինվի 2 տարվա ժամկետով։
Պատգամավորը նշել է, որ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հանցագործությունների թիվը վերջին շրջանում մի քանի անգամ աճել է։ Նրա կարծիքով՝ նման երևույթը կանխելու համար անհրաժեշտ է երկու հիմնարար պայման՝ պատժի անխուսափելիությունն ու խստությունը։