ՀՀ դատախազությունը հրապարակել է տեսանյութ, որում հաղորդվում է, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու և համայնքի հողերը տարիներ շարունակ շուկայական արժեքից զգալիորեն ցածր գներով ապօրինի օտարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ 2002 թվականից մինչև 2018 թվականը՝ զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը, Արամ Դանիելյանը, իր և իր ընտանիքի անդամների հետ փոխկապակցված անձանց անձնական շահերից ելնելով, առանց մրցութային ընթացակարգերի և շուկայականից զգալիորեն ցածր գներով օտարել է 12 հողամաս։
Հատկանշական է, որ հողամասերից ամենամեծը՝ 2000 քառակուսի մետր մակերեսով, վաճառվել է ընդամենը 3 միլիոն դրամով, այն դեպքում, երբ այդ պահին այդ հողամասի շուկայական արժեքը կազմել է 8.5 միլիոն դրամ։
Դատախազության տվյալներով՝ այդ անօրինական գործողությունների հետևանքով համայնքի բյուջեի վնասը կազմել է 26 միլիոն դրամ։
Մեղադրանք է առաջադրվել նաև Արամ Դանիելյանի կնոջը, նրա երկու եղբայրներին, ինչպես նաև Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանին և ևս մեկ աշխատակցի։
Արամ Դանիելյանն ու Մյասնիկ Կոստանյանը մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու մեջ, իսկ Դանիելյանի կինը, նրա եղբայրները և քաղաքապետարանի աշխատակիցը՝ հանցանքներին օժանդակելու և դրդելու մեջ։
Բոլոր 6 մեղադրյալները մերժել են իրենց դեմ առաջադրված մեղադրանքը և հրաժարվել են ցուցմունք տալ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու պարտավորություն։ Գործն արդեն ուղարկվել է դատարան՝ քննարկման համար։