Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։
Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանը նշել է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կարևորագույն դեր է խաղացել և շարունակում է ունենալ անգնահատելի ներդրում Հայաստանի Հանրապետության համար։
Զրուցակիցները քննարկել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացների վերաբերյալ հանցագործությունների կապակցությամբ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող լիազորությունները։
Քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իր լիազորությունների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս խմբի գործառույթն է ընտրական գործընթացին առնչվող հաղորդումների քննարկումը և դրանց հիման վրա սկսված քրեական վարույթների նախաքննության պատշաճ վերահսկողությունը։
Արթուր Պողոսյանը նաև ընդգծել է, որ ընտրական գործընթացի ողջ ընթացքում՝ նախընտրական փուլում, ընտրությունների օրը և դրան հաջորդող օրերին՝ Քննչական կոմիտեն կիրականացնի իր ծառայությունները լիարժեք ռեժիմով՝ ներգրավելով իր ողջ անձնակազմը։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են տեղեկատվության շարունակական փոխանակման կարևորությունը և հայտնել իրենց պատրաստակամությունը համագործակցության շարունակականությանը։