Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ առաջիկայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կամ քննարկումներ անցկացնելու ծրագրեր չունի։
Այս մասին նախարարը հայտարարեց մայիսի 12-ին Երևանում, նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, սակայն առայժմ «քննարկման հատուկ թեմա» չի տեսնում։
Այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ սպառնացել էր հարվածել Մոսկվային՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի անցկացման օրը։ Զելենսկին այդ հայտարարությունն արել էր արտասահմանյան առաջնորդներին խորհուրդ տալով հրաժարվել շքերթին մասնակցելուց։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 7-ին ճեպազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանում չի մոռացվի Երևանի «լռությունը» Մոսկվայի հասցեին Զելենսկու այդ «ահաբեկչական հայտարարությունների» ֆոնին։ Նույն օրը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել էր բողոք։