ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 10-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները։
Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսում է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է բարեվարքության ստուգում անցկացնի վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների և փոխնախարարների կողմից պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
«Ուսումնասիրությունը կներառի վերը նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծությունը պաշտոնը ստանձնելիս՝ նույն անձանց նախորդ հայտարարագրերի տվյալների համեմատ, եթե այդպիսիք կան», – պարզաբանել է զեկուցողը։
Նա հավելել է, որ կատարված ստուգման արդյունքների հիման վրա հանձնաժողովը պետք է տա խորհրդատվական եզրակացություն բարեվարքության տեսանկյունից հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Այս եզրակացությունները կներառեն անձի գույքային վիճակի և նրա անձնական շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերի հետ կապված հարցեր, ինչպես նաև այդ ռիսկերի չեզոքացմանն ուղղված առաջարկություններ։