ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանում կատարելու իր այցի ընթացքում կբարձրացնի հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում՝ Հայաստանից Բաքու մեկնելիս։
«Այդ հարցը, անշուշտ, կքննարկվի», – նշել է Վենսը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ունի լավ հարաբերություններ ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ լսել է վարչապետ Փաշինյանի ելույթը, որտեղ վերջինը դրական է գնահատել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը՝ համեմատելով ներկա իրավիճակը մի քանի ամիս առաջվա հետ։ «Այդ պատճառով մենք, անշուշտ, մի շարք հարցեր կբարձրացնենք, բայց, ես կարծում եմ, որ կշարունակենք արդյունավետ և հաջող համագործակցությունը ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ», – հավելացրել է նա։
Վենսը Հայաստան կատարած այցն արդյունավետ է անվանել՝ ընդգծելով երկու երկրների միջև ներդրումների աճը։ Նրա խոսքով՝ երեկ կողմերի կողմից ստորագրված փաստաթղթերից մեկը և հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերից մեկը զգալի ներդրումներն են Հայաստանում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կնքված շահավետ գործարքների շնորհիվ։
«Դրանցից մեկը այն է, որ ստեղծվելու է տվյալների մշակման շատ մեծ կենտրոն, որի ներդրումների ընդհանուր ծավալը կարող է հասնել 4 մլրդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի հայրենիքում գտնվող մարդկանց համար», – ասել է Վենսը՝ նշելով, որ սա «դասական շահեկան իրավիճակ» է։
Հիշեցնենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։
Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում։