Հայաստանի Հանրապետության դեսպան Թաիլանդի Թագավորությունում, Վահե Գևորգյանը, իր պաշտոնական այցի շրջանակում հանդիսավոր արարողության ընթացքում հանձնել է իր հավատարմագրերը Թաիլանդի Թագավոր Նորին Մեծություն Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուին։
Արարողությունը տեղի է ունեցել Բանգկոկի Թագավորական պալատում։ Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման նկատմամբ իր անձնական պարտավորությունը, դեսպան Գևորգյանը հայտարարել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ երկու ժողովուրդների միջև փոխվստահության և համագործակցության ամրապնդման համար։
Թաիլանդի թագավորը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր առաքելության ընթացքում։ Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և կառուցողական կապերը հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցության ոլորտների ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության զարգացման համար։
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Գևորգյանը հանդիպել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկեոուի հետ։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանում այս տարի հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հայկական նախագահության առաջնահերթությունները։ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Թաիլանդին՝ COP17-ի շրջանակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության համար։