Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում, Խալիլ Շիրղոլամին, հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան այցը նախատեսված է ընթացիկ տարվա ընթացքում։ Այս մասին նա հայտնել է ԻԻՀ զինված ուժերի տոնական միջոցառումների շրջանակում լրագրողների հետ զրույցում։
Ըստ դեսպանի՝ այցի ընթացքում երկու երկրների միջև նախատեսվում է ստորագրել համապարփակ ռազմավարական փաստաթուղթ։ Նա նշել է, որ նախորդ տարի Իրանի նախագահն այցելել էր Երևան, իսկ այս տարի նախատեսվում է վարչապետի այցը։
Խալիլ Շիրղոլամին անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցին՝ նշել է, որ այն տեղի է ունեցել այն պահին, երբ Թեհրանում և Վաշինգտոնում բանակցություններ էին սկսվել։ Նրա խոսքով՝ Իրանը բանակցությունները սկսել է լիակատար անկեղծությամբ և լրջությամբ։
«Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք պաշտպանության համար բոլոր հնարավորությունները, մենք գերադասում ենք դիվանագիտությունը։ Մենք կարծում ենք, որ ողջախոհությունը կարող է հաղթել», – նշել է դեսպանը՝ հավելելով, որ հայ գործընկերները միշտ հավաստիացրել են Հայաստանի բարի մտադրությունների մասին։
Անդրադառնալով տարածաշրջանում ամերիկյան ներկայության ընդլայնմանը՝ Շիրղոլամին նշել է, որ Իրանը միշտ հանդես է եկել Հայաստանի դերը որպես տարանցիկ տրանսպորտային հանգույց ապահովելու և հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք ուղղություններով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման օգտին։
«Մենք հույսով ենք վերաբերվում այդ հնարավորություններին, որոնց իրագործմանը Հայաստանը դրական է մոտենում», – ասել է նա՝ հավելելով, որ այսօր հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ըստ դեսպանի՝ քննարկվել է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ջուլֆա-Նախիջևան-Երասխ երկաթգծի գործարկման հնարավորությունը՝ Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցությունը ձևավորելու համար։
Պատասխանելով հարցին՝ թե ինչպես է Իրանը գնահատում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) մեխանիզմի շրջանակում հայ գործընկերների հետ հնարավոր համագործակցությունը, Շիրղոլամին նշել է, որ հայ գործընկերները հավաստիացրել են, որ թույլ չեն տա որևէ քայլ Իրանի դեմ։ Նա նաև հավելել է, որ այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին, սակայն ապագայում հնարավոր է լուրջ մտածել այդ հարցի շուրջ։