Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունենում Հաագաում հուլիսի 4-ից 8-ը, վերընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա կրկին ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Վերընտրության կապակցությամբ Սարգիս Խանդանյանը նշել է․ «Իմ համար մեծ պատիվ էր անցած տարվա ընթացքում կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնաժողովի նախագահի պարտականությունները։ Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերած վստահության համար, ինչպես նաև հնարավորություն ունենալու համար սերտ համագործակցել ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի գործընկերների հետ՝ մեր ընդհանուր արժեքները առաջ մղելու գործում։ Այս ընթացքում մեր հանձնաժողովը շարունակել է հիմնական ուշադրությունը դարձնել մեր հասարակությունների առջև ծառացած ամենահրատապ խնդիրներին՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերից մինչև հակամարտությունների և անկայունության հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամեր։ Ես ձգտել եմ առաջնորդել մեր աշխատանքը՝ առաջնորդվելով անաչառության, երկխոսության և համագործակցության ամուր հանձնառության սկզբունքներով»։