ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Գազայի շուրջ “Խաղաղության խորհրդի” անդամ երկրների ղեկավարների միջև հանդիպում է նախատեսված փետրվարի 19-ին։ Հանդիպման հիմնական նպատակը Գազայում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելն ու դրա վերականգնման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումն է։
“Խաղաղության խորհուրդը” ստեղծվել է 2026 թվականի հունվարին՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նպատակով։ Կազմակերպության գլխավոր հովանավորն ու գործադիր խորհրդի անդամն ինքը՝ Դոնալդ Թրամփն է։ Գործադիր խորհրդի կազմում են նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսան Ջարեդ Քուշները, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը, Apollo Global Management-ի գլխավոր տնօրեն Մարկ Ռոուենը և Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան։
Հիշեցնենք, որ Հայաստանը նախագահ Թրամփի կողմից հրավիրվել է որպես “Խաղաղության խորհրդի” հիմնադիր անդամ։ Այս մասին հայտնել էր Հայաստանի կառավարությունը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հաճույքով և պատասխանատվությամբ է ընդունել այդ առաջարկը՝ հաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության աջակցման գործում»։
Հունվարի 22-ին Դավոսի համաժողովում Գազայի վերաբերյալ “Խաղաղության խորհրդի” կանոնադրությունը ստորագրել էին 19 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը։ Կազմակերպության ստեղծումն ինքը՝ Թրամփը, անվանել է «մեծ ժառանգություն»՝ հավելելով, որ ակնկալում է հասնել խաղաղության ամբողջ աշխարհում։
Ըստ կազմակերպության կանոնադրության, որը հրապարակել էր The Times of Israel-ը, “Խաղաղության խորհրդի” անդամակցությունը սահմանափակվում է այն պետություններով, որոնք հրավիրված են նախագահի կողմից։ Անդամությունը ստանում է ուժ ծանուցումից հետո, երբ պետությունը համաձայնում է կապված լինել կանոնադրությամբ։ Յուրաքանչյուր անդամ պետություն խորհրդում ներկայացված է իր պետության կամ կառավարության ղեկավարի կողմից։ Անդամության ժամկետը սովորաբար կազմում է երեք տարի, որը կարող է երկարաձգվել նախագահի կողմից։