Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ներկայացնում է Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության մասին, որը նոր ի հայտ եկող զոոնոզ է՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակ։
Վարակի հիմնական աղբյուրներն են չղջիկները և խոզերը։ Մարդը կարող է վարակվել, օգտագործելով մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգեր կամ արմավենու հյութ, ինչպես նաև խոզերին խնամելիս կամ կենդանական ծագման հումքի հետ շփվելիս։ Կարևոր է նշել, որ վարակը կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։
Վերջին տարիներին հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալազիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վարակի տարածման առումով բարձր ռիսկային երկրներ են համարվում Քամբոջանը, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները և Թայլանդը։
Հիվանդության գաղտնի շրջանը, որի ընթացքում վարակված անձը կարող է ախտանշաններ չունենալ, սովորաբար տևում է 4-14 օր։ Հիվանդությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ սկսած անախտանիշ ընթացքից մինչև սուր շնչառական խնդիրներ, էնցեֆալիտներ (հիշողության և մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդություն) և տարբեր նյարդաբանական խանգարումներ։
Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել հիմնական կանոններին․
1. Մրգերի մաքրություն: Օգտագործելուց առաջ լավ լվանալ բոլոր մրգերը։
2. Արմավենու հյութի ջերմային մշակում: Խուսափել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութի օգտագործումից։
3. Կենդանական սննդամթերքի մշակում: Օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք։
4. Հիգիենա: Պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները։
5. Սերտ շփումից խուսափում: Խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից։
6. Պաշտպանիչ միջոցներ: Կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ։
ՀՀ տարածքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները լայնորեն տարածված չէ լինելու պատճառով, ՀՎԿԱԿ-ը նշում է, որ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը համարվում են ցածր։