Հայաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքում է այն պնդումները, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը։
«Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ», – գրել է Նազելի Բաղդասարյանը՝ իր սոցիալական ցանցի էջում։
Նա նշել է, որ հրապարակման հեղինակ Օկայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից։
Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումն է՝ ընտրական գործընթացներին ընդառաջ։
Նրա գրառման տակ կիսվել են CGTN Turk-ի (չինական միջազգային հեռուստատեսային ցանցի թուրքալեզու հարթակ) և ադրբեջանական Haqqin.az կայքի սքրինշոթեր։ Ըստ այդ հրապարակումների՝ Օքայ Դեփրեմը պնդում է, որ Հայաստանը նախատեսում է կազմակերպել «Սիրո շքերթ», որը կանցկացվի Թամանյան պողոտայի երկայնքով՝ ապրիլի 7-ին, որը նաև Մայրության և գեղեցկության օրն է։ Հեղինակը նաև պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աջակցում է շարժմանը՝ «պլյուս» ստանալու համար արևմտյան աշխարհից։