ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման հարցը։
Կողմերը կարևորել են Հակակոռուպցիոն կոմիտեի դերը՝ ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունը ապահովելու գործում։ Նշվել է, որ կոմիտեն իրականացնում է աշխատանքների արդյունավետ համակարգում՝ ռիսկային իրավիճակներին արագ և հետևողական արձագանք տալու նպատակով։
Արթուր Նահապետյանը նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող միակ նախաքննական մարմին, ակտիվ և հետևողական պայքար է մղում ընտրական բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ։
Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է վերջին շրջանում կառույցի կողմից արձանագրված բացահայտումներին՝ նշելով, որ դրանք հիմնականում վերաբերում են կաշառք տալու, ստանալու և ընտրական գործընթացներում բարեգործության արգելքը խախտելու դեպքերին։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն են նախատեսված 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Նախընտրական շրջանը տևում է մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը, իսկ նախընտրական քարոզչությունը՝ քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն։