Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես հրապարակել է հրամանագիր, որով սահմանում է Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների ամսաթիվը։
Ըստ փետրվարի 6-ին հրապարակված պաշտոնական փաստաթղթի՝ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Հրամանագրում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Այս որոշումը կայացվել է Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասի, 93-րդ հոդվածի, ինչպես նաև «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների հիման վրա։
Ավելի վաղ, 2025 թվականի հունիսի 7-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ տարի։ Նա նշել էր, որ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։