Հակակոռուպցիոն դատարանի վճռով, որը մտել է օրինական ուժի մեջ, Հայաստանի մշակույթի նախկին նախարա Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և խարդախությանն օժանդակելու համար։
Նրան դատապարտել են 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Սակայն, ինչպես նշվում է դատարանի վճռում, Հասմիկ Պողոսյանը ազատվել է պատժից՝ կիրառվելով 2018 թվականի նոյեմբերի 6-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը։
Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նրա գործը, որտեղ նա մեղադրվում էր 2012-2016 թվականներին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով պետական շահերի դեմ՝ օժանդակելու «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելու համար, 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանձնվել էր դատարան։
Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ տարածքի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել էր Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քառակուսի մետր մակերեսով տարածքի սեփականության իրավունքը։