Հայաստանում հայտարարված 9 մլրդ դոլարի արժեքով ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցման նախագծի շուրջ հստակ մանրամասներ չեն ներկայացվել։ Այս մասին փետրվարի 12-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան համապատասխան հարցման։
Նրա խոսքով՝ այդ որոշումից հետո նա հետաքրքրվել է նախագծի բովանդակությամբ։ Զախարովան նկատել է, որ հայկական մի շարք լրատվական աղբյուրներ շտապել են ներկայացնել այս լուրը որպես «աննախադեպ վաշինգտոնյան ներդրումներ» հանրապետության տնտեսության մեջ։
«Ես պարզապես ուզում եմ նշել, որ ամենակարևորն այն է, որ «աննախադեպ» բառը օգտագործվի այն իմաստով, որ կյանքում երբեք նման բան չի եղել և չի էլ լինի։ Քանի որ, գործնականում, պարզվեց, որ այս ամենի համար առաջարկվում է վճարել ոչ թե ամերիկացիներին, այլ՝ Երևանին։ Ընդ որում, ինչպես հայտնի է, միջոցները կուղղվեն դեռևս չստեղծված TRIPP հիմնադրամի միջոցով, որը կարծես թե մտահղացված է այլ ենթակառուցվածքային նախագծերի համար։ Այսինքն՝ ամեն ինչ շատ անորոշ է», – նշել է նա։
Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցության պատմությանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ հանդես է գալիս որպես Երևանի հուսալի գործընկեր ատոմային ոլորտում։
«Մենք 1995 թվականին օգնեցինք հայկական ԱԷԿ-ի վերականգնմանը և վերագործարկմանը։ Այս տարիներին մեր երկիրն աջակցել է կայանի շահագործմանը՝ սպասարկմանը, վառելիքի մատակարարմանը։ Մեր օգնությամբ իրականացվել է շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագիծը, ինչի շնորհիվ Հայկական ԱԷԿ-ն աշխատում է այսօր։ Այս պահին մենք միասին աշխատում ենք հաջորդ նախագծի վրա՝ կայանի կյանքի հերթական երկարաձգման վրա՝ արդեն մինչև 2036 թվականը։ Եվ կցանկանայի նշել, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդեն շահագործում է փոքր հզորության ԱԷԿ», – նշել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը բազմիցս առաջարկել է փորձարկված ռուսական լուծումներ կայանների հզորությունների բոլոր տիրույթներում՝ փոքր, միջին, մեծ։ Ըստ նրա՝ հայրենական տեխնոլոգիաների մրցակցային առավելությունները բազմիցս ներկայացվել են հայկական կողմին, վերջին անգամ՝ փետրվարի 6-ին «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման ժամանակ։
Զախարովան նաև հարց է առաջացրել այն մասին, թե որտեղ են թաղվելու նման կայանների ատոմային թափոնները, եթե նման նախագիծ իրականացվի։ Նրա խոսքով՝ մասնագետները նշում են, որ նման կայանների վերջնական արժեքը հաճախորդների համար կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քան գովազդային բուկլետներում նշված հաշվարկայինը։
Նրա խոսքով՝ հայտնի է, որ ԱՄՆ-ում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագիծը սառեցվել է 2024 թվականին, երբ դրա ծախսերը սկզբնական 5 մլրդ դոլարից հասել են 10 մլրդ դոլարի։ Զախարովան նշել է, որ առանձին գնահատականներ կան այն մասին, որ Հայաստանը, փաստացի, իր իսկ փողերով օգտագործվելու է որպես փորձադաշտ ամերիկյան փաստացի չաշխատեցված տեխնոլոգիաների փորձարկման համար։