Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի համատեղ հայտարարությունը։ Այս փաստաթղթի շուրջ ռուսական մամուլում հայտնվեց տնտեսագետ Ալեքսանդր Դուդչակի վերլուծությունը, որը Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նշել է, որ նախագծի իրական նպատակը ոչ թե տնտեսական զարգացումն է, այլ տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ամրապնդումը և Ռուսաստանի վրա ճնշումը։
Ըստ Դուդչակի՝ այսօրվա քաղաքական իրադարձությունների և որոշումների մակարդակում, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների մոտեցումների, հաճախ առաջնահերթություն ունի քաղաքական նպատակահարմարությունը։ Նա նշել է, որ «Թրամփի երթուղին» նախագիծը, թեև կարող էր տնտեսական առումով օգուտ բերել տարածաշրջանին, իրականում ծառայում է որպես գործիք՝ տարածաշրջանի գործերը վերահսկելու և դրանցում միջամտելու համար։
Քաղաքագետը նկատել է, որ նախագծի իրականացման մեխանիզմը հստակ ցույց է տալիս ԱՄՆ-ի գերակայությունը։ Ըստ պայմանագրի՝ նախագծի զարգացման ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան լիցենզավորված ընկերությանը, որը կվարձակալի տարածքը 49 տարով։ Հայաստանին, իր հերթին, կբաժին հասնի ընդամենը 26 տոկոսը։
«Այսպիսով, Հայաստանի համար տնտեսական շահը հանգում է միայն այն հանգամանքին, որ տարածաշրջանում գերիշխելու է ամերիկյան ազդեցությունը», – եզրակացրել է Դուդչակը՝ նշելով, որ դա ենթադրում է ԱՄՆ-ի ռազմական ներկայություն, մատակարարվող բեռների նկատմամբ վերահսկողություն և փոխադրվող ապրանքների մասին ամբողջական տեղեկատվություն։
Նա նաև անդրադարձել է նախագծի հնարավոր հետևանքներին՝ համեմատելով այն ԱՄՆ-ի նախկին միջամտությունների փորձով այլ երկրներում, ինչպիսիք են Նիգերիան։ Ըստ նրա՝ նման նախագծերից օգուտ ակնկալելը չափազանց դժվար է, և Հայաստանը կարող է դառնալ դրանցից տուժող կողմը։
Հիշեցնենք, որ «Թրամփի երթուղին» նախագիծը նախատեսում է ստեղծել աշխարհի ամենաերկար տրանսպորտային միջանցքը՝ որը կկապի Իրանը Թուրքիայի հետ՝ անցնելով Հայաստանով և Ադրբեջանով։ Այս նախագիծը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Վաշինգտոնում։