Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմնի՝ MONEYVAL-ի վերջին գնահատմամբ՝ չնայած ապօրինի ակտիվների վերականգնմանն ուղղված զգալի ջանքերին, Հայաստանը դա դեռևս քաղաքական նպատակ չի դարձրել։ Այս եզրահանգմանը կառույցը հասել է՝ ուսումնասիրելով հանցավոր եկամուտների բռնագանձման ոլորտում երկրի կողմից արդեն ձեռք բերված արդյունքները։
Հոկտեմբերի վերջին Հայաստանում իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ թեև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի ներդրումն ուժեղացրել է երկրի՝ ապօրինի ակտիվները բռնագանձելու կարողությունը, MONEYVAL-ը կոչ է անում վերանայել բռնագանձման համակարգի բոլոր փուլերը։ Կառույցը նաև առաջարկում է ընդլայնել հանցավոր եկամուտների հայտնաբերման, կալանադրման և բռնագանձման համար անհրաժեշտ փորձն ու ռեսուրսները։
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս ավելի խորը վերլուծության ենթարկել արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորումը և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերը։ Գնահատողները կարծում են, որ անշարժ գույքի ոլորտում ռիսկերի գնահատման և օպերատիվ համագործակցության մեխանիզմների հարցում հետագա բարելավումներն անհրաժեշտ են։
Միաժամանակ, գնահատման հեղինակները բարձր են գնահատել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալման ուժեղացմանն ուղղված ջանքերը։ Նրանք նշում են, որ այդ ռիսկերի հասցեագրմանն ուղղված ազգային քաղաքականությունն ու ռազմավարությունները «բավարար» են որակվում։
Գնահատման ավարտին Հայաստանը ստացել է գործողությունների ճանապարհային քարտեզ, որը պետք է կատարի երեք տարվա ընթացքում։ Ըստ պարտավորությունների՝ իշխանությունները պետք է զեկուցեն MONEYVAL-ին իրականացված բարեփոխումների և արձանագրված առաջընթացի մասին։