Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրասիական տարածաշրջանում և աշխարհաքաղաքական ոլորտում անվտանգության սպառնալիքները զգալիորեն աճել են։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը պահանջում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների կողմից լրացուցիչ ջանքեր գործադրել դրանց չեզոքացման համար։ «Ով ուշադիր հետևում է իրադարձությունների վերջին զարգացումներին, գիտի․ Եվրասիայում սպառնալիքներն էապես աճում են։ Դա մեզանից լրացուցիչ ջանքեր է պահանջում», – նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նրանք, ովքեր փորձում են գերիշխել աշխարհում պատերազմների սանձազերծման և խաղաղ քաղաքացիների ոչնչացման միջոցով, ստեղծում են նորանոր սպառնալիքներ մեր տարածքում։
Լավրովը նշել է, որ այս անկայունության աղբյուրներից մեկը Աֆղանստանի շուրջ եղած իրավիճակն է, որտեղ ընթանում է բարդ պայքար ահաբեկչության դրսեւորումների և ապօրինի թմրանյութերի շրջանառության դեմ։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Պարսից ծոցի ճգնաժամի վրա՝ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սանձազերծած ագրեսիայի հետևանքով, որը, նրա խոսքով, ազդեցություն է ունենում ոչ միայն Արաբական թերակղզու, այլև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա։
«Այս տարածաշրջանը փոխկապակցված է, և անկայունությունը «հորդում» է մի մասից մյուսը», – ասել է նախարարը՝ նշելով, որ եթե նայենք աշխարհագրական քարտեզին, պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունները գնալով պակասում են, իսկ Իսրայելը հայտարարում է, որ նման պետություն երբեք չի լինի։
Լավրովը նաև հավելել է, որ Արևմտյան ուղղությամբ տեսնում են Ռուսաստանի Դաշնությանը «ռազմավարական պարտություն» հասցնելու համար նոր բանակներ հավաքելու ընթացքի համառ աճ։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրները պետք է ուշադրություն դարձնեն նման գործոններին, այդ թվում՝ իրենց ռազմական պլանավորման մեջ, քանի որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու պարագծում դիտարկվող ճգնաժամերը չպետք է դառնան իրական մարտական գործողությունների աղբյուր։
«Անհրաժեշտ է զբաղվել կանխարգելիչ գործողություններով, անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մեզ մոտ ամրապնդվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչը։ Դա մեր սուրբ պարտականությունն է», – ամփոփել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն պետք է աշխատի իր մերձավոր հարևանների, ԱՊՀ և ՇՀԿ երկրների գործընկերների հետ։