«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիվանագիտական ճանապարհով նամակ է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ խնդրելով նրան իր հարավկովկասյան այցի ընթացքում միջնորդել Բաքվի բանտերում պահվող 20 հայերի ազատ արձակման հարցում։
Կուսակցության հայտարարության համաձայն՝ նամակը հղված է Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ կապված նրա տարածաշրջան կատարելիք դիվանագիտական այցի հետ։ Թանդիլյանը նշում է, որ այս այցը կարևոր է ամերիկյան արտաքին քաղաքականության համար՝ որպես հանգրվան տարածաշրջանի ապագայի տեսանկյունից։
Նամակում նաև նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը սերտորեն համագործակցում է Ռուբեն Վարդանյանի հետ, ով, ինչպես նաև 19 այլ հայ, մինչ օրս պահվում է Բաքվի բանտերում։ Ըստ կուսակցության՝ այդ անձինք, որոնք ծառայել են իրենց համայնքներին Լեռնային Ղարաբաղում, ենթարկվում են «ցուցադրական դատավարություններով» և համակարգային մեկուսացմամբ։
Մանե Թանդիլյանը կոչ է անում Ջեյմս Դեյվիդ Վենսին Բաքվում նախատեսվող հանդիպումներին նախապատրաստվելիս 20 հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը դարձնել իր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը։ Նա նշում է, որ նրանց վերադարձը կհանգեցնի հսկայական թեթևացման և արդարության զգացման հայկական Սփյուռքի հազարավոր ընտանիքների շրջանում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում բնակվող համայնքին։
Կուսակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում երկարատև և արժանապատիվ խաղաղությունը, որը ներկայիս վարչակազմի տարածաշրջանային ռազմավարության հիմնական նպատակն է, չի կարող կառուցվել մարդասիրական գործիչների շարունակական կալանքի վրա։
Նամակում նաև նշվում է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը պետք է կառուցվի վստահության հիմքի վրա, և Միացյալ Նահանգները կարող է ամրապնդել իր դիրքը որպես վճռական խաղաղության միջնորդ՝ ապահովելով այս պատանդների վերադարձը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը հայտնի չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի հարյուր են։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Այդ թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և բարերար Ռուբեն Վարդանյանը։ Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին և Լևոն Մնացականյանին, մինչդեռ մնացած արցախցիներին՝ մինչև 15 տարվա ազատազրկման։