Այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՀ կառավարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանն իրադարձում է Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում գրանցվում է աննախադեպ դինամիկա, որը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Իրանը միմյանց կապում են բնական շահեր։ Վարչապետը հույս է հայտնել, որ Խալիլ Շիրղոլամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունը խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։
Իրանի դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Խալիլ Շիրղոլամին նշել է, որ երկու երկրների միջև փոխվստահության բարձր մակարդակը հիմնված է երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի վրա։ Նրա խոսքով՝ Իրանը ողջունում է Հայաստանի վարչապետի խաղաղությանը միտված քաղաքականությունը, որը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Դեսպանը նաև շեշտել է, որ զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն կապերի հաստատման։